Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորների ունեցվածքն ու ծախսերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցի տակ. Վերլուծության կենթարկվեն նաև դատավորների՝ 2021 թ. տարեկան հայտարարագրերը. Նոր նախագիծ

Դատավորների ունեցվածքն ու ծախսերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցի տակ. Վերլուծության կենթարկվեն նաև դատավորների՝  2021 թ. տարեկան հայտարարագրերը. Նոր նախագիծ
Հասարակություն
10:32, 19 апрель 2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր նախագիծ է հրապարակել, որով առաջարկվում է  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել՝  ապահովելու  դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող՝ Հանձնաժողովին վերապահված ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։ Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ դատական իշխանության համակարգում կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու համար ներկայացված նախագծով Հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Միևնույն ժամանակ, առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վերլուծության կենթարկվեն նաև դատավորների՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագրերը: 

«Այսպիսով հնարավոր կլինի ապահովել բավարար ժամանակի առկայություն՝ դատավորների ֆինանսական դրության մանրամասն ուսումնասիրություն կատարելու, առկա խնդիրները հավուր պատշաճի վեր հանելու նպատակով:

Միաժամանակ, ծախսերի հայտարարագրերի առնչությամբ հարկ է նշել, որ մինչև առաջարկվող ժամկետի ավարտը վերլուծման ենթակա են «Հանրային ծառայության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2021 թվականի փետրվարի 17-ից հետո ծախսերի հայտարարագիր ներկայացրած դատավորների ծախսերի հայտարարագրերը»,- նշված է նախագծին կից հրապարակված հիմնավորման մեջ։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն օրենքի  և հարակից օրենքների փաթեթը, որի նպատակներից մեկը ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումն էր, ինչպես նաև հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկությունների շրջանակը սահմանելը:

Միաժամանակ, 2020 թվականի մարտի 25-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ տվյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է դատավորների հայտարարագրերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը ներդրվել է 2021 թվականին և, ըստ այդմ, Հանձնաժողովի կողմից կատարվող վերլուծությունների ծավալն այդ պահից սկսած էականորեն ընդլայնվել է, Հանձնաժողովի լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովելու՝ դատավորների հայտարարագրերի ամբողջական վերլուծության իրականացման համար անհրաժեշտություն է  առաջացել  նախատեսել առավել երկար ժամանակահատված: Օրենքի նախագիծը բխում է նաև այդ անհրաժեշտությունից։