Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխովի անվան դպրոցի տնօրենի նոր մրցույթը տեղի կունենա հունիսի 21-ին

Չեխովի անվան  դպրոցի տնօրենի նոր մրցույթը տեղի կունենա հունիսի 21-ին
Հասարակություն
16:16, 19 апрель 2022
Նախորդ շաբաթ՝ ապրիլի 14-ին,  Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթում հերթական  անգամ տնօրեն չընտրվեց,  ինչը նշանակում է, որ, ըստ կարգի, պետք է  նոր մրցույթ  հայտարարվի։ Դպրոցի ադմինիստրացիայից  տեղեկացանք, որ  մրցույթի հայտարարությունն այսօր զետեղվելու է հանրային ծանուցման հարթակներում, մրցույթը տեղի կունենա հունիսի 21-ին։

Նշենք, որ Երևանի  համբավավոր այս  դպրոցի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Մելքոնյանն էր, որին այժմ փոխարինում է Դիանա Մինասյանը։ Մելքոնյանին ԺՊ-ի պաշտոնից ազատելու քաղաքապետարանի որոշումը, հիշեցնենք, ուղեկցվեց սկանդալով,  քաղաքապետարանի դիմաց  դպրոցականների բողոքի ակցիայով։   

Նկատենք, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մրցույթում Մելքոնյանն ու Մինասյանը հավասար ձայներ էին ստացել՝ երկուսն էլ 4 ձայն, ինչի հետևանքով տնօրեն չընտրվեց, քանի որ  թեկնածուներից որևէ մեկին տնօրեն դառնալու համար հարկավոր էր անվազն  6 կողմ  ձայն ստանալ։ 

Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնին հավակնում էր չորս թեկնածու, որոնցից մեկը՝ Անժելա Կարապետյանը, ստացել է 1 ձայն, իսկ Նվարդ Հովսեփյանը չի մասնակցել մրցույթին։ Նշենք,  որ տնօրենի գործղ ԺՊ-ն՝ Դիանա Մինասյանը, և նախկին ԺՊ-ն՝ Տաթևիկ Մելքոնյանը,  մասնակցել են նաև  տնօրենի թափուր տեղի համար հայտարարված նախորդ  մրցույթներին։  Մասնավորապես, ս.թ. մարտ ամսին տեղի ունեցած  մրցույթում Տ. Մելքոնյանը ստացել էր 5 ձայն, Դիանա Մինասյանը՝ 4, իսկ 2021 թ. հոկտեմբերին կայացած մրցույթում  Տ. Մելքոնյանն ստացել էր 1 ձայն, Դիանա Մինասյանը՝ 3։ Դպրոցի նախկին տնօրենը Գայանե Սարուխանյանն էր, որի  պաշտոնավարման ժամկետը լրացավ  2021 թ. դեկտեմբերի 15-ին։ Վերջին երկու մրցույթների ժամանակ նա չէր  հավակնում տնօրենի պաշտոնին։  

Նշենք, որ դպրոցի պաշտոնական կայքում զետեղված է Դ. Մինասյանի կենսագրականը, որտեղ նշված է նաև  նրա աշխատանքային փորձի մասին։ Ըստ այդմ.
  • 09.2013-ից մինչ օրս՝ դասախոս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
  • 06.2011- մինչ օրս` գլխավոր հաշվապահ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ
  • 03.2013-05.2013՝ մանկավարժ
  • 03.2013-05.2013՝ դասախոս, Տերամելի անվան լիցեյ, Պավիա, Իտալիա 
  • 01.2013-09.2013՝ մեթոդիստ, «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
  • 09.2012-09.2013՝ դասախոս, «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
  • 03.2012-05.2012՝ հաշվապահ, ՍԱՍ
  • 04.2008-06.2011՝ տնտեսագետ, ԿԵԲԿ գործարան ՓԲԸ

Դ. Մինասյանը նաև տնտեսագիտության թեկնածու է, 1 ուսումնական ձեռնարկի և 8 գիտական հոդվածների հեղինակ, որից 4-ը՝ միջազգային գիտական ամսագրերում։ 

Նշենք նաև, որ դպրոցը հիմնադրվել է 1947 թվականի փետրվարին։  Դպրոցի ստեղծման որոշմանը հաջորդել է նոր շենքի կառուցման մասին որոշումը՝ Բաղրամյան 16 հասցեում։ Մինչև 1954 թվականն այն օրիորդաց դպրոց էր, իսկ 1954-1955 ուստարում դարձավ ընդհանուր, 1992 թվականից դպրոցը դարձել է հայկական։ 
1956թ. դպրոցի բակում կանգնեցվել է Ա. Պ. Չեխովի կիսանդրին:

Հ. Մանուկյան