Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծրագիրը միտված է բարձրացնելու հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ. Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է շվեդ իրավաբանների հետ

Ծրագիրը միտված է բարձրացնելու հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ. Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է շվեդ իրավաբանների հետ
Հասարակություն / Իրավունք
21:48, 21 апрель 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։
 
Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի Զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն իրազեկվածության, դատարանների և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացմանը միտված ծրագրի գործնական քայլերը, որի նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
 
Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել գործընկերներին դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի, միասնական վիճակագրության բացակայության, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ընթացակարգերի վերաբերյալ։
Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների հնարավորությունը՝ որպես որոշ տեսակի գործերով քննության արդյունավետության երաշխիք։
 
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։