Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձերբակալություն՝ խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով

Ձերբակալություն՝ խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով
Հասարակություն / Իրավունք
21:34, 06 май 2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:


Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են նշված փողոցի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ցուցարարներին բարձրախոսների միջոցով հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, այն ազատելու համար ողջամիտ ժամանակ է տրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այս կապակցությամբ, բերման ենթարկելու նպատակով, նրանց նստեցրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ ցուցարարներից երկուսը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են և հայհոյել,  ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին:


Նշված երկու անձինք ձերբակալվել են:


Նախաքննությունը շարունակվում է: