Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջանցելով քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը՝ Հայ-Ռուսական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Շրջանցելով քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը՝ Հայ-Ռուսական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Հասարակություն
16:18, 12 февраль 2021
Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհուրդն իր աջակցությունն է հայտնել ռեկտոր Արմեն Դարբինյանին:

Այս մասին ասվում է բուհի գիտխորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որը կարող եք գտնել ստորև․

1. Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 74-րդ հոդվածով, ինչպես նաև հավատարիմ մնալով «Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, հիմք ընդունելով ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) ներքին իրավական ակտերը, հաշվի առնելով ՀՌՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհուրդը հայտարարում է իր անվերապահ աջակցությունը Համալսարանի ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծման, ձևավորման և զարգացման գործում անգնահատելի է Արմեն Դարբինյանի անձնական ներդրումն ու դերակատարումը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ժողովուրդների բարեկամության, կայացած համագործակցության, մշակույթների և կրթական ավանդույթների, գիտական փորձի փոխադարձ հարստացման լավագույն օրինակ է, եզակի գիտակրթական միջպետական ծրագիր: Համալսարանների միջազգային վարկանիշով (QS University World Ranking EECA – 2021) երկրի լավագույն բուհ ճանաչված Համալսարանի հաջողությունը հնարավոր դարձավ հենց Արմեն Դարբինյանի՝ որպես ղեկավարի, երկար տարիների նպատակասլաց, հետևողական աշխատանքի և առաջնորդական հմտությունների շնորհիվ:

Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող՝ համալսարանի զարգացման ռազմավարությունը, արդյունավետ կառավարչական քաղաքականությունը և հարուստ փորձը դարձել են Համալսարանի կոլեկտիվի և ուսանողների բազմաթիվ հաղթանակների և նվաճումների գրավականը: Համալսարանի գործունեության հիմքում դրվել են կրթությանը և գիտությանը անկեղծ ծառայության և թիմային անձնուրաց աշխատանքի սկզբունքները: Համալսարանի ռեկտորը ձևավորել է յուրօրինակ համալսարանական մթնոլորտ, որը հիմնված է այնպիսի բարձր արժեքների վրա, ինչպիսիք են՝ սերը, արդարությունը, արժանապատվությունը, ակադեմիական ազատությունը, ստեղծարարությունը, համերաշխությունը, ճանաչողությունը և անձնական աճը:

Մենք հպարտ ենք լինել այն հզոր ընտանիքի մի մասը, որը կոչվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, հպարտ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը: Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից:

2. Համալսարանն իր գոյության ողջ ընթացքում դրսևորել է ապաքաղաքական և անաչառ կեցվածք՝ հավատարիմ մնալով ակադեմիական ազատության, անկախության և անաչառության սկզբունքներին: Միևնույն ժամանակ վերջին արցախյան պատերազմից հետո երկրում ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարակական և քաղաքական իրավիճակը հարկադրում է արտահայտել մեր դիրքորոշումը:

Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված՝ «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին:

3. Հաշվի առնելով այն ծայրաստիճան անմխիթար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը՝ լիակատար փլուզումից խուսափելու նպատակով, երկիրն ու պետությունը փրկելու համար մենք հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։

Հակառակ պարագայում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է անհապաղ հրաժարական տա:

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան իր առաջին գրառման մեջ, որը կատարել էր փետրվարի 10-ին, Արմեն Դարբինյանը նշել էր, որ հետապնդումների է ենթարկվում իշխանության կողմից, ու որ իրեն ցանկանում են ազատել բուհի ռեկտորի պաշտոնից: Նշում էր նաեւ, որ դրանց իրագործման համար ստվերային ուժեր են լծվել նաեւ ԿԳՄՍ նախարարությունից: 
Ի դեպ՝ ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետով՝ «ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Իսկ քաղաքական հայտարարություն անելը արդեն իսկ քաղաքական գործունեություն է։ Ասել է թե՝ համալսարանի գիտխորհուրդը հակաօրինական գործունեությամբ է զբաղված։