Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի տեսլականին. ՇՄ նախարար

Այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի տեսլականին. ՇՄ նախարար
Հասարակություն
20:30, 07 май 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։
 
Նշված տարածքում տնկվել է շուրջ 8500 տնկի։
 
Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենին, թեղին, խնձորենին։
 
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել ծառատունկի մասնակիցներին:
 
«Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Ծառ տնկելն ու խնամելը ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել այսօր վաղվա օրվա ու ապագա սերունդների համար։
 
Եվ այսօր այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի մեր միասնական տեսլականին։
 
Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այսօր իր լուման կներդնի ծառատունկի իրականացման մեջ՝ դա կլինի մասնակցություն համապետական ծառատունկի միջոցառումներին, թե մեկ ծառի տնկում սեփական այգում կամ բակում»,- նշել է նախարարը։