Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի բանակում չծառայած, քրեական պատմություններով հայտնի 2 տղաները վրան են դրել Ֆրանսիայի հրապարակում և մասնակցում են նստացույցին. լուսանկար

Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի բանակում չծառայած, քրեական պատմություններով հայտնի 2 տղաները վրան են դրել Ֆրանսիայի հրապարակում և մասնակցում են նստացույցին. լուսանկար
Հասարակություն
16:12, 10 май 2022
Դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններով բանակում ծառայությունից խուսափած, քրեական տարբեր պատմություններով հայտնի Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի 2 տղաները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, միացել են «Դիմադրություն» շարժմանը և այս օրերին փրկում են Արցախը Երևանի կենտրոնում։ 

Արդեն տեղեկացրել ենք՝ հարուցված քրեական գործերի պատճառով Ֆրանսիա փախած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս ֆեյսբուքյան ուղերձ է հղել՝ սյունեցիներին կոչ անելով միանալ «Դիմադրություն» շարժմանը և հաղթել «ներքին թշնամուն»։ Կից նա նաև լուսանկար է հրապարակել, որում նաև իր 2 որդիներն են՝ Ֆրանսիայի հրապարակի Սյունիքի վրանի մոտ կանգնած։ 
 
Այսպիսով՝ Արցախի փրկության անվան տակ հրապարակում դիմադրում են նախկին իշխանության ժամանակ միլիարդատեր դարձած, Սյունիքում իրենց անպատժելի համարող և 2018-ի հեղափոխությամբ մերժված քրեական տարբեր հոդվածներով հետապնդվող օլիգարխիայի զավակները, որոնք նույնիսկ զինվորական ծառայությունից են խուսափել։ Տրդատ Խաչատրյանը բանակից ազատվել է «նևրասթենիա չափավոր արտահայտված» հիվանդության հիմքով, իսկ Տիգրան Խաչատրյանը նույնպես դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում  ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել։  

Հարց է նաև, թե այն հիվանդություններով, որոնցով նրանք ազատվել են բանակից, որքանո՞վ կարող են հավասարակշիռ վարք դրսևորել  հատկապես նրանց կրկին մերժող հասարակության հանդեպ։ 

Նախկին մարզպետի որդիներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, 2013-ին կրակելով սպանել էր բանակի հրամանատար Ավետիք Բուդաղյանին։ Այս գործի շրջանակներում դատարանն արդարացրել էր Տիգրան Խաչատրյանին՝ նրա գործողությունները դիտարկելով որպես ինքնապաշտպանություն։ 

Իսկ անցյալ տարվա հուլիսին 13-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նախորդ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջև ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետև հնչել էին կրակոցներ։ 

Ուշագրավ է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ կրակել էր Տիգրան Խաչատրյանը, հետո տեղի էր ունեցել փոխհրաձգություն, սակայն մինչ այժմ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել։ Ընդհանրապես, այս գործով, բացի Կարեն Պողոսյանից, այլ մեղադրյալ չկա։ Մինչդեռ միջադեպի գործով կան 3 տուժողներ, որոնցից 2-ն ունեն հրազենային վնասվածքներ, և նրանք կալանավորված Կարեն Պողոսյանի ընկերներն են։
 
Մարինե Խառատյան