Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է դադարեցվել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը

Ինչո՞ւ է դադարեցվել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Հասարակություն
12:05, 18 май 2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ ընդդիմադիրների գործողությունների հետևանքով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Հայաստան» դաշինքի տեսանյութից ակնհայտ է դառնում, որ որոշ ցուցարարներ մետրոյում այսօր գոռգոռացել են՝ Նիկոլ դավաճան։ Դա Երևանի մետրոպոլիտենը բավարար է համարել մի ամբողջ քաղաք ուղևորափոխադրման այդ տեսակից զրկելու համար։ 
 
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- գրել է մամուլի խոսնակը:

Մեր հարցին, թե արդյոք Երևանի քաղաքապետարանը բավարա՞ր է համարում մետրոն փակելու հիմքերը՝ քաղաքապետարանից պատասխանեցին, որ մետրոպոլիտենն անվտանգության սեփական չափորոշիչներն ունի, դրան գումարած՝ ռազմավարական օբյեկտ է, հետևաբար՝ վտանգի դեպքում աշխատանքը ժամանակավոր դադարեցնելը հիմնավորված է: