Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհնազանդության ակցիաները շարունակվում են, առավոտից բերման է ենթարկվել 352 քաղաքացի

Անհնազանդության ակցիաները շարունակվում են, առավոտից բերման է ենթարկվել 352 քաղաքացի
Հասարակություն
12:48, 18 май 2022
Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։

Նրանք մի քանի րոպեով փակել էին Երևանի Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, ցուցարարներն արագ բացեցին ճանապարհն ու հեռացան տարածքից` տեղափոխվելով Աբովյան-Թումանյան խաչմերուկ։ Այստեղ էլ նրանք մի քանի րոպեով փակեցին ճանապարհը։

Նշենք, որ փողոցները երկար փակ չեն մնում՝ նախքան ոստիկանների մոտենալը ցուցարարներն արագ հեռանում են տարածքից։

Աբովյան փողոցը պարբերաբար փակելով ցուցարարները քայլերթով անցնում էին մայթով, ոստիկանության ներկայացուցիչը հրահանգեց բերման ենթարկել բոլոր տղամարդկանց, ինչից հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, և ակցիայի մասնակից բոլոր տղամարդիկ բերման ենթարկվեցին։

Լարված իրավիճակ էր նաև Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ Ոստիկաններն այստեղ փորձեցին բերման ենթարկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, նրան երկու անգամ փորձեցին նստեցնել ոստիկանական մեքենա, սակայն երբ ասվեց, որ նա պատգամավոր է, նրան մեքենայից դուրս հանեցին։

Ըստ Ոստիկանության, ժամը 12-ի դրությամբ բերման է ենթարկվել 352 քաղաքացի։