Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ոստիկանությունը ամենահանդուրժողն է, որևէ հատուկ միջոց այս ընթացքում չի կիրառվել, դեռ ավելին՝ անհնազանդին գրկած են հեռացնում. Արմեն Խաչատրյան

«Այս անհնազանդության քաղաքական ակցիաներում ոստիկանության գործողությունները համարում եմ իրավաչափ, հանդուրժողաան և արհեստավարժ»,- այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը և հավելեց, որ ոստիկանությունը չի կիրառել որևէ հատուկ միջոց, նույնիսկ պաշտպանական հատուկ միջոց չի կիրառել:

Այն անձանց, որոնք համարում են, որ կիրառվել է անհամաչափ ուժ, Արմեն Խաչատրյանը խորհուրդ տվեց նայել այլ երկրներում նմանատիպ միջոցառումների անցկացման ոճը. «Որևէ ամենազարգացած, ամենաժողովրդավարական երկրում չեք տեսնի, որ նման գործողությունների ժամանակ չօգտագործվեն սաղավարտ, վահակ, ռետինե մահակ, իսկ մենք տեսնում ենք, որ ոստիկանը անհնազանդին գրկած տանում և հանում է ճանապարհի բանուկ մասից»:

Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ եթե իրենց քաղաքական իրավունքների իրացման ժամանակ խախտվում են արդեն այլոց իրավունքները, ապա ոստիկանությունն ու պետությունը պետք է կատարեն իրենց պոզիտիվ պարտականությունը և պաշտպանեն հանրային անվտանգությունը՝ ապահովելով մարդկանց ազատ շարժվելու իրավունքը:

Մանրամասն՝ տեսանյութում: