Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասում բռնություն գործադրելու համար մեղադրվող Գալեյանի խափանման միջոցը փոխվել է՝ պայմանավորված նրա կնոջ հղիությամբ. ՔԿ

Զորամասում բռնություն գործադրելու համար մեղադրվող Գալեյանի խափանման միջոցը փոխվել է՝ պայմանավորված նրա կնոջ հղիությամբ. ՔԿ
Հասարակություն / Իրավունք
22:24, 18 май 2022
Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար մեղադրվող Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին
 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին։
 
Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է։
 
Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա», որի կապակցությամբ բժշկական միջամտությամբ կատարվել է ստենտավորում։
 
Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք։
 
Վերոգրյալով պայմանավորված, նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։
 
Հավելենք, որ քրեական վարույթի շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: