Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերն առողջապահության ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում

ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերն առողջապահության ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում
Հասարակություն
22:46, 25 май 2022
Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:
 
Նախարարը շնորհավորել է ԱՀԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու առիթով:
 
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթությունները և նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձել է առողջապահական ընդհանուր ծածկույթ ապահովելուն ուղղված աշխատանքներին, այդ թվում՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման հեռանկարներին: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև առողջ ապրելակերպի խրախուսման ու խթանման ուղղությամբ իրականացվող քայլերին:
 
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շնորհավորել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունման կապակցությամբ և ուրախությամբ նշել, որ առաջնահերթությունները երկուստեք համընկնում են:
 
ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերն առողջապահության ոլորտը գերակա ուղղություն ճանաչելու և ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում:
 
Նախարարը Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը: