Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է

Միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է
Հասարակություն
12:13, 26 май 2022
2022թ. առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 108.6%: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագական կոմիտեի հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2022թ. հունվար-մարտ» տեղեկագրից։ Ըստ ԱՎԿ-ի ՝  ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2022թ. առաջին եռամսյակում կազմել է 1 484 336.9 մլն. դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 70 145.7 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 4.7%: 2022թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 8.6%-ով աճին (108.6%) զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 2.4%-ով անկում (97.6%):

2022թ. առաջին եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 107.0%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 105.2%-ի դիմաց։ Գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճով, համապատասխանաբար`111.7%, 105.5%  եւ 102.5%։ 

Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2021թ. IV եռամսյակում կազմել է 1 208.8 հազ. մարդ, որոնց 85.5% կամ 1 033.3 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 16.6%-ը` գյուղատնտեսության ոլորտում:

2022թ. առաջին  եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 212 767 դրամ: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (9.6%) միտում գրանցված գնաճի (7.0%) նկատմամբ։ 
Արմստատի կողմից 2020թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է աշխատուժի 18.2% կամ 234.4 հազ. մարդ։