Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ
Հասարակություն / Իրավունք
12:31, 28 май 2022
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված «Սասնա ծռեր» խմբավորման անդամբերի ձերբակաությունների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների.

«Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, փետրվարի 24-ին հրապարակել էր «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7 տարի 6 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։

Արմեն Բիլյանը մեղավոր է ճանաչվել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվել ազատազրկման 25 տարի ժամկետով:

Նշեննք, նաև, որ վերնշյալ անձինք անցնում էին 2016 թվականին Երևանում Պետական պահպանության ծառայության գնդի գրավման գործով, և ազատության մեջ էին գտնվում 2018-ի հեղափոխությունից հետո՝ անձնական երաշխավորությունների, գրավի կիրառման արդյունքում։