Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չենք լքի Հայաստանը, չենք ուրախացնի թշնամուն»․ Քաշաթաղում ամեն ինչ կորցրած ընտանիքն այժմ Կոտայքում է ապրում

«Չենք լքի Հայաստանը, չենք ուրախացնի թշնամուն»․ Քաշաթաղում ամեն ինչ կորցրած ընտանիքն այժմ Կոտայքում է ապրում
Հասարակություն
18:55, 12 февраль 2021
«Սեպտեմբերի 30-ն էր։ Լսում էինք պայթյունների ձայները, երեխաները լաց էին լինում։ Չէի ուզում, որ հեռանայինք, բայց ամուսինս խնդրեց։ Ասում էր՝ էնպես չի՝ մենք տվեցինք հողերը թշնամուն, ուղղակի դուք գնացեք, որ մենք էստեղ հանգիստ լինենք»․․․ 

Արցախցի Տաթև Մեսրոպյանը ամուսնու, նրա եղբայրների ընտանիքների հետ միասին պատերազմից հետո ապրում է Կոտայքի մարզում՝ Արցախում թողնելով ամեն ինչ։ Նրա ամուսինը՝ Արտակ Մելքոնյանը, իր 2 եղբայրները, պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմաճակատում են եղել։ 

Տաթևի խոսքով՝ եթե իմանար, որ այլևս հետ չեն գնալու, վերջում կփարվեր հայրենի հողին ու հրաժեշտ կտար։

Մինչ պատերազմը Մելքոնյանների մեծ ընտանիքը 15 հոգով ապրում էր Քաշաթաղի Գետամեջ գյուղում։ Այժմ հաստատվել են Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում և 12 հոգով ապրում են 2 սենյականոց բնակարանում՝ բարեկամի տրամադրած տանը՝ շատ ծանր պայմաններում։
Ամուսինը՝ 33 ամյա Արտակ Մելքոնյանը կռվել է Ջաբրայիլում, հոկտեմբերի 2-ին ոտքից վիրավորվել է։ «Պատերազմի լուրը իմանալուց կես ժամ անց գնաց։ Ինքն առաջարկեց։ Զանգեց, ասաց՝ ինչո՞ւ չեք գալիս իմ հետևից։ Սա իր 2-րդ պատերազմն է։ Ապրիլյանի ժամանակ էլ է կռվել», - ամուսնու մասին պատմում է Տաթևը, ով կորսված հայրենի գյուղի դպրոցում ուսուցչուհի էր աշխատում։

Արտակը այժմ վերականգնողական փուլում է։ Վիրավորման արդյունքում ծնկահոդի բեկորային վնասվածք է ստացել, որի պատճառով այժմ ձեռնափայտով է քայլում։ Սկզբում վիրահատվել է Ստեփանակերտում, այնուհետև՝ Երևանում, որտեղ էլ շարունակել է բուժումը։

Մինչ պատերազմը Արտակը Քաշաթաղի շրջանի հարավային թևի գլխավոր գյուղատնտեսն է եղել։ «Շատ է սիրում իր մասնագիտությունը,  աշխատանքը։ Ինքն իր գործի վարպետն է», - նշում է կինը։ 

Մելքոնյանների ընտանիքը այս պատերազմի արդյունքում կորցրել են այն ամենն, ինչ ստեղծել են ողջ կյանքի ընթացքում։ «Միայն 5 միլիոն դրամի տեխնիկա ենք կորցրել՝ մեր մեքենաները, գյուղտեխնիկան։ 2 միլիոնի անասուն՝ կովեր, խոզեր, հավեր։ 4 հեկտար այգի, վարելահողեր։ Մեր երկհարկանի նորակառույց տունը։ Նույնիսկ երեխայիս մակասայլակը չենք վերցրել։ Բացի փաստաթղթերից, ամեն ինչ կորցրել ենք», -նշում է Տաթևը։ 
Տաթևի խոսքով՝ իրենք չեն կարողացել դուրս բերել իրենց գույքը, քանի որ տան տղամարդիկ մարտի դաշտում են եղել:

Մելքոնյանների ընտանիքը այս պահին բախվել է վարկերի խնդրին։ Արտակը, ով 4 հեկտար այգի է հիմնել, ու այդ ամենը վարկի միջոցով, շարունակում է վճարել Ադրբեջանին անցած այգիների համար։

Այս ամենի հետ մեկ տեղ Տաթևը նշում է, որ երբեք չեն լքի Հայաստանը և այդ քայլով երբեք չեն ուրախացնի թշնամուն․  «Ապագան խիստ անորոշ է։ Ճիշտ է երկուսս էլ կրթություն ունենք, բայց էստեղ խնդիր է աշխատանք գտնելը։ Մեկ է՝ կարիք չկա գնալու։ Կյանքում չեմ ապրի ուրիշ ոչ մի տեղ։ Ես էլ, ամուսնինս էլ էդպես ենք կարծում։ Ավելի լավ է էստեղ մի քիչ վատ ապրենք, քան գնանք ուրիշ տեղ։ Ինչու՞ փախչենք։ Մեր երկիրն է, պիտի մնանք, շենացնենք, շատ երեխաներ ունենանք»։

Սյուզի Սիրակայան