Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ
Հասարակություն
19:35, 14 июнь 2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:
 
Պրոֆեսոր Փաթափությանն ունի ակնառու նվաճումներ մոլեկուլային կենսաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում:  2021 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։
 
Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում: 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում, 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում: Ներկայում պրոֆեսոր Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»: