Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտածում էինք վճարովի մանկապարտեզ ուղարկել մեր բալիկին, բայց շենքի հիմնանորոգումից հետո մտափոխվեցինք. «Հաղթանակ» թաղամասում վերաբացվեց թիվ 86 մանկապարտեզը

Այսօր Երևանի «Հաղթանակ» թաղամասում տեղի ունեցավ Լյովա Կատվալյանի անվան թիվ 86 մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը,  այլ հյուրեր։

Մինչև բացման պաշտոնական արարողության մեկնարկը տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ Համլետ Գևորգյանը, իսկ  մանկապարտեզի սաները հյուրերին ուրախացրին իրենց պարային ծրագրով։

Վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը,  որի հոր պատվին է մանկապարտեզը դեռ 2002 թվականին անվանակոչվել, ասաց, որ մանկապարտեզի շենքը շատ վատ վիճակում էր և 2018 թվականի հեղափոխությունից հետո որդեգրվեց քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ և այս մանկապարտեզի հիմնանորոգումը եղել է իր նպատակներից մեկը, ու ահա շենքն արդեն պատրաստ է։

Սաշա Կատվալյանը նշեց, որ շենքի շինաշխատանքներն ավարտվել են, սակայն այս տարի էլ շարունակվելու են բակի բարեկարգման աշխատանքները։

«Հաղթանակ» թաղամասում մանկապարտեզային տարիքի գրեթե 550 երեխա կա, իսկ թաղամասի երկու մանկապարտեզները միասին կարող են ընդունել առավելագույնը 350 երեխայի, այդ պատճառով կարիք կար հիմնանորոգել շենքը, վերաբացել և ապահովել թաղամասի բոլոր երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու իրավունքը։

Վարչական շրջանի ղեկավարը նաև շնորհակալագրեր հանձնեց մանկապարտեզի երկարամյա աշխատակիցներին։

Շենքը՝ մինչև հիմնանորոգումը վատ վիճակում էր և չէր գործում։ Երեխաները հաճախում էին թաղամասի մյուս մանկապարտեզը, որը, սակայն, չէր կարող ապահովել բոլոր երեխաների նախադպրոցական կրթությունը։ Այսօր արդեն թաղամասը նման խնդիր չունի։

Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կարևորեց նման աշխատանքների իրականացումը, քանի որ երեխաները պետք է հարմարավետ պայմաններում հաճախեն մանկապարտեզ և ստանան իրենց առաջին գիտելիքները։
Ապա շնորհավորեց բոլորին, հատկապես՝ աշխատակազմին՝ մանկապարտեզի վերաբացման կապակցությամբ։

Ժապավենը կտրելու պատիվը ընձեռված էր Լյովա Կատվալյանի թոռնիկին՝ Լևոն Կատվալյանին, որը փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի օգնությամբ կտրեց ժապավենն ու մանկապարտեզը  պաշտոնապես համարվեց բացված։

Փոխաքաղաքապետը նաև շրջեց սենյակներով, ծանոթացավ շենքային պայմաններին և շփվեց փոքրիկների հետ։

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ 250 մլն դրամ է ծախսվել համայնքային բյուջեից՝ շենքը հիմնանորոգելու համար, այս տարի էլ կշարունակվեն բակի բարեկարգման աշխատանքները։

Լևոն Հովհաննիսյանը հստակ թիվ չկարողացավ նշել, թե քանի՞ հիմնանորոգման ենթակա մանկապարտեզի շենք կա Երևանում, սակայն նշեց, որ հաջորդ տարվա ավարտին Երևանի մանկապարտեզների 50 տոկոսը ամբողջովին վերանորոգված կլինի։

 Ծնողներից Լուիզան, որի ընտանիքը նոր է Կոմիտասից տեղափոխվել «Հաղթանակ» թաղամաս, նախ՝ շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի աշխատակիցներին և տնօրինությանը, ապա շեշտեց, որ իր երեխային հենց այս մանկապարտեզ ուղարկելու որոշման վրա ազդել է նաև շենքային պայմանները։
 
Մանրամասն՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան