Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում գործող 4-րդ տնակային մանկապարտեզը նոր շենք կունենա, եթե «Մամիկոն Ասլանյան» դաշինքը մասնակցի ավագանու նիստին. համայնքում 2.5 մլրդ դրամի աշխատանքներ կիրականացվեն. տեսանյութ

1988 թվականի երկրաշարժից հետո Վանաձորի թիվ 4 մանկապարտեզը գործում է տնակային պայմաններում։ 5 տարի ժամանակով տրամադրված տնակը արդեն 34 տարի օգտագործվում է որպես մանկապարտեզ։ Տարիների ընթացքում այն քայքայվել է, դարձել ոչ պիտանի։ Տնօրինությունն ու աշխատակազմը խնայողությունների հաշվին, նաև՝ սեփական միջոցներով ժամանակ առ ժամանակ վերանորոգման, կոսմետիկ նորոգման աշխատանքներ են իրականացրել՝ վիճակը փոքր-ինչ բարելավելու և երեխաների կենցաղն ապահովելու համար, սակայն քայքայված տնակը որպես մանկապարտեզ օգտագործելը տարեցտարի դառնում է անհնար։ 

Մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Ալվարդ Ղուկասյանն ասաց, որ շուրջ 40 երեխա է հաճախում մանկապարտեզ, շենքային պայմաններ ունենալու դեպքում, վստահաբար, ավելի շատ թվով երեխաներ կհաճախեն։ 

Մանկապարտեզը փայտով է ջեռուցվում։ Ննջարաններում փորձում են էլեկտրական վառարանների օգնությամբ ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան, բայց միջանցքներում դա ապահովելն անհնար է։

Տնօրենը, ով 2018 թվականից է ստանձնել պարտավորությունները, նշեց, որ նույնիսկ փայտ ձեռք բերելն է դժվարությամբ ստացվում, չնայած ամեն ինչ անում են երեխաների համար հնարավորինս բարվոք պայմաններ ստեղծելու համար։

Տնօրենը ներկայացրեց նաև աշխատանքները, որոնք կատարել են խնայողությունների և անձնական միջոցների հաշվին, բայց եթե այս աշխատանքները արվեին շենքային պայմանների դեպքում, ապա արդյունքն ավելի տեսանելի և երկարաժամկետ կլիներ։

34 տարի անց հնարավորություն է ստեղծվել ունենալու քարաշեն մանկապարտեզ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով բազմաթիվ փողոցների, մշակութային, սպորտային հիմնարկների հետ միասին այս մանկապարտեզը ևս նախատեսված է հիմնանորոգել՝ ընդհանուր 15 ծրագիր կա։ Հունիսի 23-ին ավագանու նիստ է հրավիրվել՝ քաղաքի բյուջեն և ավելի քան 2,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիրը հաստատելու օրակարգով։ 

Սուբվենցիոն ծրագրով աշխատանքներ են նախատեսված նաև խոշորացումից հետո Վանաձորին միացած Դարպաս, Շահումյան և Գուգարք բնակավայրերում։

Խնդիրը, սակայն, այն է, որ Վանաձորում ավագանու ամենաշատ մանդատներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հայտարարել է, որ չի մասնակցելու ավագանու նիստերին, իսկ այդ դեպքում քվորում ապահովել չի ստացվի, և այս ծրագրերն էլ կմնան թղթի վրա։ Ավագանու ՔՊ-ական անդամ Նոնա Հովհաննիսյանը, սակայն, լավատես է։ Կարծում է, որ գործընկերները մի կողմ կդնեն անձնական և թիմային շահերն ու կմասնակցեն ավագանու նիստին։

Ավագանու կողմից սուբվենցիոն ծրագրի հաստատման դեպքում սա Վանաձորում երբևէ արված ամենախոշորամասշտաբ ծրագիրը կլինի։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի 1,4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել՝ այս տարվա 2,5 մլրդ-ի փոխարեն։ Գնդակն ավագանու դաշտում է։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան