Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ որոշ մտավորականներ տարբեր պարգևներ ու կոչումներ էին մուրում այս կամ այն իշխանությունից, Օհան Դուրյանն իր ժողովրդի հետ հրապարակում էր. Անի Խաչատրյան․ տեսանյութ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին: Հունիսի 21-ին Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։
Նշենք, որ Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրման վայրի և ձևի շուրջ բավականին թեժ քննարկումներ տեղի ունեցան։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի հետ։

Նա նշեց, որ Օհան Դուրյանի արձանը օպերայի տարածքում տեղադրելու որոշումը կայացվել է հանձնաժողովի քննարկման արդյունքում։

«Օհան Դուրյանը Ազատության հրապարակի դիրիժորն է եղել, ու ինքը այս հրապարակում պետք է լիներ, որովհետև տարիներ շարունակ նա այս հրապարակից, նաև Մատենադարանից քաղաքական  պայքար է մղել։ Եվ եթե նկատեցիք, մեր նիստին նաև պարոն Վարդապետյանը մեկնաբանեց, որ Ֆրանսիայից եկած Օհան Դուրյանի արձանի՝ Ֆրանսիայի հրապարակի ու Ազատության հրապարակի մեջտեղում լինելը խորհրդանշական էր, դրա համար որոշվեց այս վայրը, ինչին ավագանին տվեց համաձայնություն»,-ասաց Անի Խաչատրյանը։

Ավագանու անդամի խոսքով՝ մաեստրոն 2004-ի ապրիլի 12-ից  առաջ էլ այդ բոլոր հանրահավաքներին մասնակցել է, և ինքը պատիվ է ունեցել մաեստրոյի հետ այդ քաղաքական ճանապարհն անցնելու։

Անի Խաչատրյանը նաև նշեց, որ Օհան Դուրյանն առաջինն էր, որ ի նշան բողոքի՝ պետությանը վերադարձրեց իրեն տրված պարգևները, նա առաջինն էր քաղբանտարկյալներին այցելում, քաղբանտարկյալների ազատության համար առաջինն էր ստորագրություն դնում և Ազատության հրապարակում դնում։

«Նա ամեն ինչ արել էր այդ տարիներին՝ արդարության վերականգնման ու ժողովրդի իշխանության համար։ Իսկ վերջին երկու ընտրությունները ժողովրդավարական էին, և արդար ընտրությունների արդյունքում, համենայնդեպս, ընտրվել է ժողովրդի իշխանություն, և այո՛, հենց այդ ժողովրդի իշխանությունը պարտավոր էր այս հրապարակ բերել մաեստրոյին, որտեղից իրեն վտարել էին Հոկտեմբերի 27-ից հետո՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի չլինելուց հետո։ Հենց դրանից հետո սկսվեցին մաեստրոյի և իշխանությունների հակասությունները»,- ասաց Անի Խաչատրյանը։ 

Ի հավելումն Անի Խաչատրյանն ասաց, որ երբ որոշ մտավորականներ տարբեր պարգևներ ու կոչումներ էին մուրում այս կամ այն իշխանությունից, Օհան Դուրյանն իր ժողովրդի հետ հրապարակում էր։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան