Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապիկի ծաղիկը որպես համավարակ դիտարկելու հարցը դեռևս քննարկվում է ԱՀԿ-ի կողմից, Հայաստանում նույնիսկ կասկածելի դեպք չենք ունեցել. ԱՆ բժիշկ-համաճարակաբան

Կապիկի ծաղիկը որպես համավարակ դիտարկելու հարցը դեռևս քննարկվում է ԱՀԿ-ի կողմից, Հայաստանում նույնիսկ կասկածելի դեպք չենք ունեցել. ԱՆ բժիշկ-համաճարակաբան
Հասարակություն
18:58, 24 июнь 2022
Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

- Տիկին Լուսինե, երեկ լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, որ Առողջապահության համաշխարհային ցանցը հաստատել է կապիկի ծաղիկը որպես համավարակ, որոշ լրատվամիջոցներ ԱՀՑ-ն շփոթել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Որքանո՞վ է վստահելի ԱՀՑ-ի այդ հրապարակումը։ 

- Աշխարհում կան տարբեր կազմակերպություններ, տարբեր հարթակներ մասնագետների, որոնք իրենց առաջարկներն են ներկայացնում։ Նույնը կարող եմ ասել Առողջության համաշխարհային ցանցի մասին, որի մասին մինչև երեկ ես անձամբ չէի լսել։ Երեկ շրջանառվում էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հրապարակել համավարակ, բայց ԱՀԿ-ի կողմից նման հայտարարություն չի եղել, չնայած հատկապես ռուսալեզու տեղեկատվական աղբյուրները հղում էին անում ԱՀԿ-ին։ Կապիկի ծաղիկը որպես համավարակ դիտարկելու հարցը դեռևս քննարկվում է ԱՀԿ-ի կողմից, բայց դրանք փակ քննարկումներ են, և որևէ մեկը չի մասնակցում, եթե ԱՀԿ-ն պաշտոնական հրապարակում անի, մենք հանրությանը տեղյակ կպահենք։

- Կա՞ն փաստեր, որ կապիկի ծաղիկ հիվանդությանն օգնում է որևէ պատվաստում։

- Գիտնականները գտել են, որ 85 տոկոս դեպքերում բնական ծաղիկի դեմ պատվաստումը պաշտպանում է կապիկի ծաղիկ վիրուսից, բայց այդ պատվաստումն ամբողջ աշխարհում չի կատարվում՝ սկսած 1980թ.-ից, որովհետև բնական ծաղիկը համարվում է վերացված հիվանդություն։ Սակայն եթե կարիք լինի՝ պատվաստանյութեր կան հավատարմագրված, որոնք կարող են իրականացվել կապիկի ծաղկի դեմ, բայց հիմա նման խոսակցություն դեռ չի գնում՝ հատկապես նկատի ունենալով փոխանցման ուղիները, որ պարտադիր պահանջվում է սերտ շփում։ Այս պատճառով ամբողջ աշխարհում սահմանափակումներ իրականացնելու հարցը դեռ չի քննարկվում։

- Հայաստանում հայտնաբերվե՞լ է կապիկի ծաղիկ։


- Ոչ, մենք անգամ կասկածելի դեպք չենք ունեցել  

- Վրաստանում կապիկի ծաղիկ հիվանդության մեկ դեպք գրանցվել էր, կա՞ն տվյալներ, թե ինչպես էր վարակը փոխանցվել՝ երկրի ներսո՞ւմ, թե՞ արտերկրից էր եկել։ 


- Անձը ճանապարհորդել էր Եվրոպայում և այնտեղից բերել էր վարակը։ Նա դիմել էր առողջապահական կենտրոն՝ նշելով, որ հնարավոր է վարակված լինի։

- Եթե կապիկի ծաղիկը համեմատենք կորոնավիրուսի հետ, ո՞րն է ավելի վտանգավոր։

- Ընդհանրապես համեմատել չենք կարող, որովհետև կորոնավիրուսային վարակը տարածվում էր նաև օդակաթիլային եղանակով, իսկ կապիկի ծաղիկը փոխանցվում է միայն շնչառական կաթիլների և դրանցով վարակված առարկաների միջոցով, այսինքն՝ դրանցով աղտոտված առարկաների միջոցով, և անպայման անհրաժեշտ է սերտ շփում։ Պետք է նկատի ունենանք նաև, որ կորոնավիրուսային հարուցիչը ՌՆԹ վիրուս էր, որը շատ հաճախ մուտացիաների էր ենթարկվում, իսկ կապիկի ծաղիկը ԴՆԹ վիրուս է և այդքան հեշտ չի փոփոխվում։  Կապիկի ծաղիկը աշխարհին հայտնի հիվանդություն է՝ մասնավորապես աֆրիկյան երկրներին, և բավականին գիտելիք կա կուտակված այս հիվանդության վերաբերյալ, ինչը մենք չէինք կարող ասել կորոնավիրուսի մասին, որին առաջին անգամ էր մարդկությունը հանդիպում։ 

- Այսինքն՝ կապիկի ծաղիկը նախկինում է՞լ է եղել։


- Այո, նախկինում էլ է եղել, վիրուսն առաջին անգամ 1950թ. է հայտնաբերվել կենդանիների շրջանում, իսկ մարդկանց շրջանում առաջին դեպքը եղել է 1970թ., բայց դրանից հետո վիրուսն անընդհատ արձանագրվել է։ Հիվանդության 2 գենետիկ ճյուղ գոյություն ունի՝ մեկը Կենտրոնաաֆրիկյանն է կամ Կոնգոյինը, որն ավելի ծանր ախտանշաններ է առաջացնում, և երկրորդը՝ Արևմտաաֆրիկյանը, որով պայմանավորված են հիմա արձանագրվող դեպքերը, և ավելի թեթև է։ 

- Ո՞ր երկրներում են արձանագրվել կապիկի ծաղկի հիվանդության դեպքեր։ 


- Երեկվա տվյալներով՝ 44 երկրում է արձանագրվել վարակը, 3504 դեպք է արձանագրվել, որևէ մեկը չի մահացել։ Ամենաշատը Մեծ Բրիտանիայում է արձանագրվել՝ մոտ 800 դեպք, երկրորդ տեղում Գերմանիան է՝ 592 դեպք, երրորդը՝ Իսպանիան։ Սովորաբար կապիկի ծաղկի հիվանդության համար մահաբերությունը 1-10 տոկոս է, բայց մենք այսօրվա դրությամբ որևէ մահվան դեպք չունենք։ 

- Արտերկիր մեկնողներն ինչպե՞ս պետք է իրենց պաշտպանեն այդ վարակից։

- Բոլոր դեպքերն ընթացել են ախտանշաններով. որպեսզի խուսափենք այդ հիվանդությամբ վարակվելուց, պետք է խուսափենք ախտանշաններով մարդկանց հետ շփվելուց։ Իսկ հիմնական ախտանշաններն են տենդը և ցանը, նաև ավշային հանգույցների մեծացում կարող է լինել, մկանացավեր, հոդացավեր, գլխացավեր։ Հիվանդ մարդկանց հետ սերտ շփումը՝ այդ թվում նաև տևական շփումը, կարող է բերել վարակման։ 

- Արդյոք հիվանդությունն ինքնուրույն անցնո՞ւմ է՝ լավանո՞ւմ է, թե՞ պետք է դիմել բժշկի։

- Սովորաբար ասում են, որ կարող է հիվանդությունն ինքնուրույն լավանալ՝ ինքնալավացում է գնում, բայց կախված է հիվանդի վիճակից, յուրաքանչյուր անձի մոտ կարող է տարբեր ձևով դրսևորվել։ Տենդը տևում է 1-3 օր, որին հաջորդում է ցանը, որն սկսվում է դեմքի շրջանից և անպայման ափերին ու ներբաններին էլ է ցան լինում և, ինչպես նշեցի, ավշային հանգույցների մեծացումը, որը կարող է խոսել այս հիվանդության մասին։ Մոտ 2 շաբաթ է տևում այդ ցանի շրջանը, հետո կարող են սպիներ առաջանալ, երկրորդային վարակ ավելանալ և այլն, բայց անհրաժեշտ է ցանկացած կասկածի դեպքում անպայման դիմել բժշկի, որովհետև գոնե աջակցողական բուժում պետք է անպայման արվի՝ այդ ընթացքում հնարավոր է ջրազրկում կամ այլ բարդություններ լինեն։  

Նարա Մարտիրոսյան