Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը
Հասարակություն
21:55, 27 июнь 2022
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.
  • «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
  • «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) հուլիսի 5
  • «Հայոց լեզու և հայ գրականություն» հուլիսի 6
  • «Մաթեմատիկա» - հուլիսի 7
  • «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» - հուլիսի 8
  • «Քիմիա», «Ռուսերեն» - հուլիսի 9:
Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։
Նշենք, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ը` ներառյալ:

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝
  • օտարերկրացիները և երկքաղաքացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
  • 2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
  • առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`
• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500 դրամ) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։ Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։

Երկրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կփոխանցվեն առանձնացված դպրոցներ, ինչպես նաև կուղարկվեն դիմորդի էլեկտրոնային հասցեին: