Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի ընդունված զինծառայողը 2026-ին ավարտելուց հետո Երևանում կստանա 28.5 մլն դրամ արժողությամբ 3-սենյականոց բնակարան. Սուրեն Պապիկյան

Այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նստաշրջան: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

«Կարծում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:

«2022թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին կտարամադրվի անհատույց սեփականության իրավունքով»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ զինծառայողի զոհվելու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին:

Սուրեն Պապիկյանը հստակեցրեց. «Զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3-սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: Սա նշանակում է, որ այս տարի ընդունված զինծառայողները 2026-ին ավարտելուց անմիջապես հետո արդեն կստանան բնակարան»: