Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել. Փոխոստիկանապետ

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել. Փոխոստիկանապետ
Հասարակություն
14:25, 07 июль 2022
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, ԱԺ-ում այս մասին հայտարարեց  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա նշեց, թե էապես ավելացել է նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը:

«Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում», - ասաց Ֆիդանյանը:

2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ 105 հազար 169 քաղաքացի:

Աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը. եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում 14 է:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 58 կողմ ձայն: