Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում տարերային, նույնիսկ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում՝ պլաստմասսից, հին կահույքի կտորից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև Հայաստանում տարբեր տեսակի խաչերի տեղադրմանը:

«Ես հանձնարարական տվել եմ և հույս ունեմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատշաճ ժամկետներում մեր մարզպետների աջակցությամբ տեղեկատվություն կտան: Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և քաղաքաշինությանը ուղղակի այնպես նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց, դա շատ լուրջ, մեծագույն պրոբելմ է: Ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է: Ինձ նախնական տեղեկություն է դեռ պետք, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի»,- ասել է  վարչապետը:

Կառավարության ղեկավարն անթույլատրելի է համարել նաև մայրուղիների, ճանապարհների վրա վթարների վայրերում խաչքարեր տեղադրելը. «Մեզ մոտ մշակույթ է ձևավորվել՝ մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարեր են տեղադրվում: Պատկերացրեք բոլոր վթարների առիթով մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»:

Այդ ամենի համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը: «Իհարկե, մենք 2019 թվականից սկսել ենք քաղաքացիական նշանակության և պետական նշանակության, պատմամշակութային հուշարձանները վերականգնելու գործընթացը: Մենք այս ճանապարհով պետք է գնանք: Տասնյակ բերդեր, ամրոցներ, քաղաքացիական նշանակության այլ պատմամշակութային օբյեկտներ ոչնչացման եզրին են»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է այդ ոլորտում ներդրում անելու ցանկություն ունեցողներին գումարները նվիրաբերել այդ հուշարձանների վերականգնմանը. «Տեսել եմ նոր կառուցված եկեղեցիներ, որտեղ ոչ ոք չի գնում, իսկ դրանից մի քանի կիլոմետր այն կողմ դարերի պատմություն ունեցող  պատմամշակութային հուշարձաններ են ավերվում»: