Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անճանաչելի մասունքները ԴՆԹ փորձաքննության ենթարկելու համար պահուստային ֆոնդից կտրամադրվի 31 մլն դրամ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անճանաչելի մասունքները ԴՆԹ փորձաքննության ենթարկելու համար պահուստային ֆոնդից կտրամադրվի 31 մլն դրամ
Հասարակություն
15:15, 14 июль 2022
Կառավարության պահուստային ֆոնդից 31 մլն 125 հազար դրամ կհատկացվի առողջապահության նախարարությանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար։

Ինչպես նշված է որոշման նախագծում, ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականը նույնականացվել են բազմաթիվ անճանաչելիորեն փոփոխված, կմախքացած, մասնատված, այրված աճյուններ և մասունքներ։ 100 ոսկրային բարդ փորձանմուշներ էլ ուղարկվել են Նիդեռլանդների թագավորություն՝ ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID-ի (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն) կողմից:

Բացի այդ, համաձայն նախագծի, դեռ կան բարդ, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել ԴՆԹ բնութագրերը:

«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդեռլանդներ»,- ասված է որոշման նախագծում։

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս 75 000 ԱՄՆ դոլար հատկացնել։