Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու «Պատվո Բլուր»-ում բացվել են «Դրագունյան գնդի» հերոսների անուններով հուշատախտակը և Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարը

Գյումրու «Պատվո Բլուր»-ում բացվել են «Դրագունյան գնդի» հերոսների անուններով հուշատախտակը և Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարը
Հասարակություն
22:01, 14 июль 2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է «Պատվո Բլուր» հուշահամալիրում 1855 թվականի Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի և հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Միջոցառմանը ներկա են եղել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային և քաղաքային իշխանությունների, ՌԴ Տվեր քաղաքի հանրային պալատի ներկակայացուցիչներ, հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի վայրում, որտեղ հավերժացած է ոչ միայն պատմությունը, այլ նաև մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Այսօր ևս մեկ անգամ հարգելով մարտի դաշտում զոհված հերոսների հիշատակը և հավերժացնելով նրանց անունները՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում։ Անչափ գնահատում ենք այն մարդկանց գործուն ջանքերը, որոնց շնորհիվ այս ամենը կյանքի կոչվեց»,-ասել է Նազելի Բաղդասարյանը։

Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, Գյումրի և Տվեր քաղաքների միջև համագործակցության հաստատման, «Պատվո բլուր» հուշահամալիրում Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները  հավերժացնելու գործում ներդրած ջանքերի համար Շիրակի մարզպետը շնորհակալագիր է հանձնել  Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» տնօրեն, հոգևոր հայր Ռոման Մանիլովին։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկիկներ են խոնարհել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» միջոցներով և Գյումրու «Ռոտարի» ակումբի  կողմից։