Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանում գիտակցությունը կորցրած Արմեն Գրիգորյանը քիչ առաջ մահացել է

Դատարանում գիտակցությունը կորցրած Արմեն Գրիգորյանը քիչ առաջ մահացել է
Հասարակություն
15:44, 15 июль 2022
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ վերջինս կորցրեց գիտակցությունը։ 

Մինչ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում էր իր միջնորդությունը, Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։ 

Գրիգորյանի գործը քննում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ «թուրքի եթիմ» էր անվանել արարատցիներին և շիրակցիներին։

Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել: Անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը՝ «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը: 2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում: