Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն նախկին կնոջ հետ բնակվող իր երեխային

Տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն նախկին կնոջ հետ բնակվող իր երեխային
Հասարակություն
13:30, 18 июль 2022
Հուլիսի 16-ին՝ ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։

Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։

Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։

Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։

Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով, այսկերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։

37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: