Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարանի գները չեն թանկացել՝ դոլարն է արժեզրկվել, կառուցապատման ոլորտն էլ 25 տոկոս պակաս հասույթ է ստանում․ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամներ

Դրամի արժևորումը, կամ էլ այսպես ասած դոլարի արժեզրկումը ճնշում են կառուցապատաման ոլորտը։  Մեր երկրում դրամ-դոլար փոխարժեքի ոչ կայուն իրավիճակը կառուցապատման ոլորտի օրհասական խնդիրներից մեկն է։ Այս մասին բարձրաձայնում են «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամները։

Տիգրան Հարությունյանը շեշտում է՝ շատ կարճ ժամանակ առաջ էր, երբ 1 դոլարը 530 դրամ էր, իսկ հիմա դրամն արժևորվել է 25-30 տոկոսով․ «Եվ այս փոփոխությունները կատարվել են ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ու կապված չեն մեր տնտեսության զարգացման հետ, որը կլիներ բնականոն և խնդիրը չէր առաջացնի»։ 

Խորհրդի մյուս անդամը՝ Արտակ Անդրեասյանն էլ պարզաբանեց, որ  կառուցապատողները դոլարի 525-530 դրամ փոխարժեքի ժամանակ գնել են մետաղ կառուցել են շենքեր, հասել ինչ-որ մակարդակի ու հիմա արժևորվել է դրամը և գնորդների հետ տարաժամկետ կնքված պայմանագրերի մասով ստանում են 20-25 տոկոս պակաս հասույթ։

«Ոչ մի ոլորտում չկա այնքան շահութաբերություն, որի հասույթը կրճատվի 20-25 տոկոսով և այդ բիզնեսը շարունակի զարգանալ»,- ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ Արտակ Անդրեասյանը։ 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամները շեշտում են՝ ավտոմեքենայի և բնակարանի առուվաճառքի պայմանագրերը թեպետ կնքվում են դրամով, սակայն պայմանավորվածությունները ձեռք են բերվում դոլարով։ 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի ամդամ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ բնակչության համար բնակարանը միշտ ունեցել է դոլարային փոխարժեք, այսինքն երբ մարդը գնում է բնակարան առնելու նայում է ոչ թե բնակարանը քանի միլիոն դրամ արժի, այլ քանի հազար դոլար արժի․ «Եվ սա խնդիր է առաջացնում այն տեսանկյունից, որ կառուցապատման շուկայում տարաժամկետ կնքած պայմանագրերը ինդեքսավորվում են դոլարով»։

Կառուցապատման ոլորտի խնդիրներից մեկն էլ այն է, որ շինարարության ինքնարժեքը բավական մեծացել է, որովհետև թանկացել են շինարարական նյութերը, ինչպես նաև շինարարության ծավալներն են մեծացել։ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ կառուցապատման ոլորտում երկկողմանի խնդիր է առաջացել՝ մի կողմից շինարարության ինքնարժեքի ավելացումը, մյուս կողմից տարաժամկետ կնքած պայմանագրերի արժեքի նվազումը։  

Արտակ Անդրեասյանն էլ ընդգծում է, որ ավտոմեքենաներ ու բնակարականներ ձեռք բերելու համար մարդկանց ունեցած եկամուտները հիմնականում ստացվում են արտերկրից։ Իսկ կառուցապատողները վաճառքի գներն ինդեքսավորում են ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետ կապված, որովհետև ինքնարժեքի մաս կազմող կառուցապատման տարրերը՝ օրինակ մետաղը, ցեմենտը կապի մեջ են դոլարի փոխարժեքի հետ։

Խորհրդի անդամների խոսքով՝ Կենտրոնական բանկը կարճաժամկետ խնդիր է լուծում վարվող դրամավարկային քաղաքականությամբ՝ զսպելով գնաճը, իսկ հետո հնարավոր է ավելի վատ լինի։ Քանի որ արտադրողները, արտահանողները, կառուցապատողները, որոնք տուժում են դրամի արժևորումից՝ հնարավոր է կրճատեն իրենց գործունեությունը, որի հետևանքով մեծ գնաճ կգրանցվի, հետևաբար ազգային դրամը կայուն վիճակում է պետք պահել։ 

Խորհրդի մյուս անդամը՝ Հովհաննես Բասենցյանը տեղեկացրեց, որ Հայաստանում բնակարանի գները չեն թանկացել, պարզապես դոլարն է արժեզրկվել և դոլարով հաշվելու դեպքում արհեստականորեն թվում է թե թանկ է, սակայն գնորդներն էլ չեն շտապում նոտարական վավերացումներ անել, որն էլ կառուցապատման ընթացքն է դանդաղեցնում։  

«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամները Կենտրոնական բանկից ակնկալում են խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում կամ դոլարի դեֆիցիտ ստեղծի կենտրոնական բանկը՝ գնի, պահի ու հետո ավելի թանկ փոխարժեքով վաճառի։

Մինչդեռ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 13-ին Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդգծել էր, որ եթե կենտրոնական բանկն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի։ Մարտին Գալստյանի խոսքով՝ կենտրոնական բանկը որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա, քանի որ այն ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում