Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Հասարակություն
13:21, 27 июль 2022
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը նախորդ տարվա դեկտեմբերից գտնվում է կալանքի տակ, այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նանա Նավիկյանը։ 

Մամիկոն Ասլանյանին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Դատարան գնացած մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Վանաձոր համայնքի գլխավոր ճարտարապետն ու իրավաբանն են կեղծ փաստաթղթեր կազմել ու տվել Ասլանյանին՝ ստորագրելու։ Արդյունքում՝ համայնքի ղեկավարը միանձնյա փոխել է չմասնավորեցվող հողատարածքների ցանկում ներառված մոտ մեկ հեկտար հողատարածքի նշանակությունը, ընդգրկել համայնքի կողմից օտարվող հողերի ցանկում, և այն վաճառքի է հանվել։ Հողակտորները, որ վաճառքի ենթակա չէին, ըստ իրավապահների, դարձել են Մամիկոն Ասլանյանի մտերիմների սեփականությունը։

Քննչական կոմիտեի քննած քրեական գործում նշում կա, որ այդ սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն օտարվել է նախկին համայնքապետի մտերիմի կնոջ մորը, որը Ոստիկանության Վանաձորի բաժնի նախկին պետ Արա Կարապետյանի զոքանչն է։ Այս հողատարածքը հարակից է Վանաձորով անցնող Մ6 միջպետական մայրուղուն և մասնավոր գերեզմանատուն է դարձել։

Նշենք, որ երկու օր առաջ էլ դատարանում վատացել էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը։ Այս առնչությամբ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ Վահագն Վերմիշյանը գտնվում է ՔԿՀ-ում։

Լիլիթ Թադևոսյան