Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սիրում ենք համեմատվել հրեական պետության հետ, եկեք համեմատվենք այս անգամ էլ». հանրային առողջության մասնագետը՝ պատվաստվելու մասին

«Սիրում ենք համեմատվել  հրեական պետության հետ, եկեք համեմատվենք այս անգամ էլ». հանրային առողջության մասնագետը՝ պատվաստվելու մասին
Հասարակություն
15:59, 02 апрель 2021
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց, որ պատվաստանյութերի դեմ արշավը միայն հայաստանյան խնդիր չէ, տարբեր երկրներում մարդկանց մեծ տոկոսը հրաժարվում է պատվաստումներից, սակայն նա հիշեցրեց  ԱՄՆ-ի տպավորիչ օրինակը, երբ բնակչության 1/3-րդից ավելին արդեն պատվաստվել է, իսկ նախագահ Բայդենը հայտարարել է, որ ապրիլի 4-ը՝ ԱՄՆ անկախության օրը, դիմավորելու է արդեն «հին և նորմալ ձևով»՝ կորոնավիրուսից «անկախացած»:

«Տպավորիչ է նաև  Իսրայելի օրինակը: Մենք սիրում ենք համեմատվել հրեական պետության հետ: Եկե՛ք այս անգամ էլ համեմատվենք: Իսրայելն արդեն պատվաստել է իր թիրախ ռիսկային խմբի բնակչության 84 և ավելի, իսկ ամբողջ բնակչության՝ 55-տոկոսին և ունի տեսանելի արդյունք»,- նշեց նա:

Նուբարյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տվել, որ այս տարի՝ մինչև մի շաբաթ առաջ, կորոնավիրուսի նոր դեպքերի դինամիկան նրանց մոտ նվազել է 70 տոկոսով:

Հակապատվաստումային արշավին դիմագրավելու արդյունավետ մեթոդներից մեկը, ըստ նրա, նաև մշտադիտարկումն է, թե որ ուղղություններով է ապատեղեկատվությունը բաշխվում, ինչ կեղծ ուղերձներ են ստանում մարդիկ և ում կողմից է դա իրականացվում:

«Որքանով ես տեղյակ եմ, սիստեմատիկ կերպով այս հակապատվաստումային մեսիջների և դրանց հաղորդակցման ուղիների մասին վերլուծություն չի արվում: Բայց ես գիտեմ, որ կան լրագրողական կազմակերպություններ, որոնք այդ հետազոտություններն արել են և, կարծում եմ, համապատասխան  մարմինները, ցանկության դեպքում, կարող են դիմել և ստանալ այդ ինֆորմացիան: Դա մեծապես կօգնի ավելի թիրախավորել և ճիշտ ձևով հակազդել ապատեղեկատվությանը»,- նշեց պարոն Նուբարյանը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նույնպես նշեց, որ պատվաստումների դեմ է աշխատում ապատեղեկատվությունը, հակապատվաստումային շարժումը. «Ցավոք սրտի, բնակչությունն ավելի շատ տեղեկություն է վերցնում սոցցանցերից, որտեղ իրարամերժ, տարբեր մարդկանց կողմից հնչեցված կարծիքներ են, ինչի պատճառով մենք բավականին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում»:

Տիկին Աբովյանն անդրադարձավ նաև բնակչության իրազեկման խնդրին՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունն աշխատել և աշխատում է թափանցիկ, և բնակչությունը պարբերաբար իրազեկվում է ընթացիկ աշխատանքների մասին.  «Տարբեր լրատվամիջոցների և մեդիա հարթակների միջոցով բնակչությունն իրազեկվում է, թե որոնք են ռիսկային խմբերը, ինչ պատվաստանյութեր են կիրառվում և ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն»:

Նրա խոսքով՝ մինչ պատվաստանյութերի բաշխման գործընթացը բուժաշխատողների հետ նույնպես իրականացվում են տարբեր թրեյնինգներ, նրանց ներկայացվում է պատվաստանյութի թե՛ ներմուծման, թե՛ հետպատվաստումային ռեակցիների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: