Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարալ Նաջարյանը դեռ գերության մեջ է․ Լիբանանի կարմիր խաչն այցելել է նրան՝ Ադրբեջանում

Մարալ Նաջարյանը դեռ գերության մեջ է․ Լիբանանի կարմիր խաչն այցելել է նրան՝ Ադրբեջանում
Հասարակություն
14:24, 13 февраль 2021
Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանի քույրը՝ Անի Նաջարյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերում տարածվող լուրն այն մասին, թե Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել՝ ապատեղեկատվություն է։

Մարալ Նաջարյանին այսօր տեսակցել են Կարմիր Խաչի աշխատակիցները։ Նրա մասին Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել Լիբանանի Կարմիր Խաչի աշխատակիցները։

Անին հորդորում է կեղծ տեղեկություններ չտարածել։

Նշենք, որ Մարալ Նաջարյանի ազատ արձակման լուրը տարածվել էր Mediaport տելեգրամյան ալիքից։

Մարալ Նաջայանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ իր ազգականի հետ գնացել էր Շուշի՝ իրերն անտեղից դուրս բերելու նպատակով։ Անհետանալուց հետո Մարալի հեռախոսահամարից պատասխանել են ադրբեջանցիներ ու ասել, որ սպանել են Մարալին, երբեմն էլ՝ որ նա իրենց մոտ գերության մեջ է։ Մարալի հետ գերության մեջ էր հայտնվել ևս մեկ հայ՝ Վիգեն Էուլջեքյանը։

Հիշեցնենք, որ Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր տեղափոխվել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո՝ այստեղ ապահով ու խաղաղ կյանք գտնելու նպատակով։ Այս շրջանում Արցախի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել 150 լիբանանահայի բնակարանով ապահովել Շուշիում, Բերձորում, Աղավնոյում ու Քարվաճառում։ Այս ծրագրով էլ Մարալ Նաջարյանը բնակություն էր հաստատել Արցախում՝ Շուշի քաղաքում։