Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Արցախում նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով, զոհերի քանակը` նվազել է 7-ով

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Արցախում նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով, զոհերի քանակը` նվազել է 7-ով
Հասարակություն
14:17, 03 август 2022
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներն այսօր ամփոփել են ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում.

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՃՈ պետի տեղակալ Արմեն Օհանյանը: Ճանապարհային ոստիկանության պետ փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ: 

2022 թվականի 1-ին կիսամյակն ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար եղել է բավականին ծանր և լարված ժամանակահատված, ինչի հետևանքով շատ հաճախ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացվել են արտակարգ պայմաններում:

Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել՝ 48 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն նվազել է ինչպես պատահարների, այնպես էլ մահվան ելքով դեպքերի թիվը. (2021 թվականին` 47 պատահար, 8 զոհ և 50 վիրավոր): 

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով, զոհերի քանակը` նվազել է 7-ով, վիրավորների թիվը՝ 2-ով:

Այս մասով ճանապարհային ոստիկանության պետ փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք մասնավորապես, միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և ճանապարհային անվտանգ  երթևեկության կազմակերպմանն ուղղված  միջոցառումներին: 

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին կիսամյակում գրանցված պատահարներից 4-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 6-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 22-ը` վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների պատճառով, 1-ը՝  խաչմերուկի անցման կանոնները խախտելու պատճառով, 2-ը՝ հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու, 1-ը՝ վազանցի կանոնները խախտելու և 3-ը՝ նշանների ու գծանշումների պահանջները խախտելու պատճառով:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում: 

Ընդհանուր առմամբ, ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանն առաջին կիսամյակի կատարած աշխատանքները գնահատել է բավարար: