Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում 11-ամյա տղան տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Վարդենիսում 11-ամյա տղան տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել
Հասարակություն
13:16, 05 август 2022
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Գեղամ Գասպարյանը։

Արդեն տեղում պարզվել է, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։