Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղավնոյի ու Բերձորի բնակիչները կտեղափոխվեն․ ռուս խաղաղապահները կտեղակայվեն Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհին․ Բերձորի քաղաքապետ

Աղավնոյի ու Բերձորի բնակիչները կտեղափոխվեն․ ռուս խաղաղապահները կտեղակայվեն Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհին․ Բերձորի քաղաքապետ
Հասարակություն
21:23, 05 август 2022
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, այցելել է Բերձոր ու տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 25-ը Աղավնոյի ու Բերձորի բնակիչները պետք է տեղափոխվեն Արցախի կամ Հայաստանի այլ վայրեր։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
 
«Ռուս խաղաղապահները տեղափոխվում են մյուս միջանցք, որը Շուշիի՝ Բերդաձորի ենթաշրջանով, Հին շեն, Մեծ շեն բնակավայրերով անցնում է դեպի Կոռնիձոր, Տեղ բնակավայրերի հատվածներով ու դուրս գալիս ճանապարհ։ Խանումյանը փոխանցել է, որ մենք պարտավորվածություն ունենք բնակչությանը տեղափոխել անվտանգ բնակավայրեր»,- ասաց Բերձորի քաղաքապետն ու հավելեց, որ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում ուր գնա, բնականաբար` պետության աջակցությամբ։ 
 
Նրա խոսքով՝ բնակիչ կա ցանկանում է տեղափոխվել Արցախի այլ բնակավայրեր, բնակիչ կա՝ Հայաստան, բնակիչ էլ կա ոչ մի տեղ չի ուզում գնալ․ «Կօգտագործվի պետական բոլոր միջոցները օժանդակելու բնակիչներին՝ տեղափոխման հարցում, ինչպես նաև բնակության վայրում հաստատվելու հարցում»։

Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ Լաչինի այս պահին գործող միջանցքի բնակավայրերը, որոնք օգոստոսի 25-ից պիտի անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Աղավնոն, Բերձորն ու Սուսն են։ Բնակեցված են միայն Բերձորն ու Աղավնոն՝ մոտ 450 բնակիչ կա՝ այսինքն մոտ 100 ընտանիք․ «Բնակիչները կարող են տեղափոխվել Արցախի ցանկացած բնակավայր, ինչպես նաև Հայաստան՝ այս պահին Սյունիքի մարզ։ Այս պահին դեռ հստակ պատկեր չունենք, թե ով որտեղ կտեղափոխվի, դեռ բնակչությանը իրազեկելու ընթացքն է»,-ասաց նա։  
 
Նշենք, որ Նարեկ Ալեքսանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհը կառուցելուց հետո հավանական է Աղավնոն, Բերձորը, Սուսը անցնեն Ադրբեջանի ենթակայության տակ։ Բերձորի քաղաքապետը հավելել էր, որ դեռևս 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, որ Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը և այդ հայտարարության մեջ որևիցե ձևով չի առանձնացվում բացառությամբ ինչ-որ բնակավայրերի եզրույթը։ 
 
Նարա Մարտիրոսյան