Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցած 6 ամիսների ընթացքում ՀՀ-ում ծնվել է 16 հազար 511 մարդ, մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 2 մլն 961 հազար 9 հարյուր է. ԱՎԿ-ի տվյալներ

Անցած 6 ամիսների ընթացքում ՀՀ-ում ծնվել է 16 հազար 511 մարդ, մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 2 մլն 961 հազար 9 հարյուր է. ԱՎԿ-ի տվյալներ
Հասարակություն
13:39, 08 август 2022
ՀՀ  մշտական բնակչության թվաքանակը 2022 թ. հուլիսի 1-ի դրությամբ 2961,9 հազ.  մարդ է, որից քաղաքային բնակչությունը կազմում է 1890.2 հազ.,  գյուղականը՝ 1071.7 հազ. մարդ։  Այս մասին civic.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Տարեսկզբին մշտական բնակչության թվաքանակը 2 961.4  հազ. մարդ էր, բնական հավելաճը կազմել է 1.8, միգրացիայի մնացորդը հունվար-հունիսին կազմել է -1.3, ընդհանուր հավելաճը՝ ընդհանուր հավելաճ/նվազում (+, -)  0.5։ 

Մայրաքաղաք Երևանում մշտական բնակչության թվաքանակը 1092.1 հազ.  մարդ է, Արագածոտնի մարզում՝ 125.0, Արարատի մարզում՝ 257․3, Արմավիրի մարզում՝ 265.2, Գեղարքունիքի մարզում՝ 227.7, Լոռու մարզում ՝ 211.3, Կոտայքի մարզում՝ 251.8, Շիրակի մարզում՝ 230.0, Սյունիքի մարզում՝ 134.5, Տավուշի մարզում՝ 119.5, Վայոց ձորում՝ 47.5։  

Մայրաքաղաք Երևանում ամենաշատ բնակչություն ունեցող վարչական շրջանը Շենգավիթն է, որտեղ ապրում է 142.1 մարդ, որին հաջորդում է Մալաթիա-Սեբաստիան՝ 141.0 մարդ, այնուհետև՝ Նոր Նորքը՝ 134.4, Էրեբունին՝  130.0,  Կենտրոնը՝  125.5 մարդ։ Մյուս վարչական շրջաններում պատկերն այսպիսին է. Արաբկիրում բնակվում է 114.9, Աջափնյակում՝ 110.3, Քանաքեռ-Զեյթունում՝ 75.0, Ավանում՝ 53.3,  Դավթաշենում՝ 43.3, Նորք-Մարաշում՝ 11.9, Նուբարաշենում՝ 10.4 մարդ։ 
   
Հունվար-հունիսին ՀՀ-ում ծնվել է 16 հազար  511 մարդ,  մահացել՝ 14 հազար 679 մարդ, այդ թվում՝ 0-1 տարեկան 121 մարդ։ Հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնության 7 926, ամուսնալուծության՝ 2 207 դեպք։ 

Ըստ ԱՎԿ-ի՝ 2022թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 112.5%՝  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում  արձանագրված 105.2%-ի համեմատ։ 

2022թ. հունվար-հունիսին նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 108.0-ի համեմատ: ԱՎԿ-ի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ամուսնալուծությունների թիվը։ Հանրապետությունում 2022թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 278 դեպք` 2021թ. հունվար-հունիսին արձանագրված 246 դեպքի համեմատ։