Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նար-Դոսի փողոցը փոքր է և ծանրաբեռնված. նպատակահարմար չէ մեծ, անգամ միջին չափի երթուղային տրանսպորտի շահագործումը. Իսկ ի՞նչ անեն բնակիչները

Նար-Դոսի փողոցը փոքր է և ծանրաբեռնված. նպատակահարմար չէ մեծ, անգամ միջին չափի երթուղային տրանսպորտի շահագործումը. Իսկ ի՞նչ անեն բնակիչները
Հասարակություն
19:19, 08 август 2022
Civic.am-ն ահազանգ է ստացել, որ Նար-Դոսի փողոցի բնակիչները գրեթե զրկվել են քաղաքային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից, քանի որ կտրուկ պակասել է փողոցը սպասարկող տրանսպորտը։

Օրերս տվյալ երթուղուց հանվել է նաև 253 համարի երթուղայինը։ Ավելի վաղ դադարել էր գործել դեպի Աբովյան քաղաք գնացող, սակայն Նար- Դոսի փողոցով անցնող 267 համարի ավտոբուսը, իսկ դրանից առաջ՝ 60 համարի երթուղայինը։ Փողոցի բնակիչները մնացել են թիվ 13 ավտոբուսի հույսին, որը ոչ այնքան հաճախ է գալիս, իսկ 29 համարի երթուղայինին պետք է շատ երկար սպասել։
Երեկոյան ժամերին փողոցում տրանսպորտ չի երևում։  

«Նար-Դոսի փողոցի երթուղային մեքենաների մի մասի դուրս գալը և չփոխարինվելը պայմանավորված է տրանսպորտային նոր, բարեփոխվող համակարգի տրամաբանությամբ»,-  Civic.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Լևոն Սարդարյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ այս փոփոխության պատճառն այն է, որ Նար-Դոսի փողոցի երթուղին համեմատաբար փոքր հատված ունի: «Նար-Դոսի փողոցն ունի կարճ և ծանրաբեռնված երթուղի, շատ են խոշոր խանութները, հետևաբար նպատակահարմար չէ երթուղային մեծ, անգամ միջին չափի մեքենաների գործունեությամբ ավելի ծանրաբեռնել փողոցը»,- ընդգծել է Սարդարյանը՝ առանց մանրամասնելու, թե ի՞նչ պետք է անեն այդտեղ ապրող բնակիչները։

Թամարա Ղազարյան