Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրազդանում ակնկալում ենք տեսնել երիտասարդների բոլոր մարզերից». Երիտասարդության միջազգային օրը կնշվի վաղը՝ Հրազդան քաղաքում. տեսանյութ

Տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթում այս տարի Հրազդանն է հաղթող քաղաք ճանաչվել։ Վաղը՝ օգոստոսի 12-ին, Հրազդանում ակնկալում են տեսնել երիտասարդների բոլոր մարզերից, և իհարկե ցանկացած տարիքի անձանց մուտքը ցանկալի է։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 10։00-ին սպորտային ժամանցային մրցույթով՝ ավագ սերունդների ու երիտասարդների միջև։ Այս մասին «Արմենպրեսի» կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը։

«Մրցույթի նպատակն է ապակենտրոնացնել երիտասարդական միջոցառումները մայրաքաղաքից դուրս՝ մարզեր, սահմաններ՝ այսպիսով ակտիվացնելով մարզերի երիտասարդներին, ստեղծելով միջհամայնքային կապեր»,-հավելեց ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության  լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը։ 

Նրա խոսքով՝ պետական ֆինանսավորմամբ իրականացվող երիտասարդական միջոցառումներն  այս տարի գերազանցում են երկու տասնյակը. «Միջոցառումների շարքում են աջակցություն երիտասարդ ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու ծրագիրը, որի հիմքը դրվել է 2010թ.-ից և շարունակվում է առ այսօր, և ԿԳՄՍ նախարարության ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելանում է և գումարը, և շահառուների թիվը։ Պետությունը կարևորում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը։ Այս տարի նախատեսվում է 2 երիտասարդական կենտրոն հիմնել Հայաստանում՝ Իջևանում և Մեղրիում, որտեղ երիտասարդները իրենց ժամանցը կապահովեն՝ ակտիվ դարձնելով մարզային երիտասարդական կյանքը»։ 

Միջոցառումների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում