Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Հասարակություն
19:08, 11 август 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ Հրաչիկ Թավադյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը:

Հանդիպմանը ներկա չէր միայն Հրանտ Մելքումյանը. նա բացակայում է երկրից: Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով: «Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ:  Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: