Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք ծրագրեր, որոնք վերաբերում են բոլոր երիտասարդներին, բայց առանձնահատուկ շեշտադրում ենք մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը․ ԿԳՄՍ փոխնախարար. տեսանյութ

Civic.am-ը «Երիտասարդական մայրաքաղաք միջոցառման» շրջանակում զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան, այսօր երիտասարդության միջազգային օրն է, մեր նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի մարզերի երիտասարդներն ակտիվ կյանքով ապրեն, այլ ոչ թե նախընտրեն տեղափոխվել Երևան կամ իրենց հետաքրքրությունները բավարարեն Երևանում։  

-Ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորին, մեր երիտասարդներին միջազգային օրվա կապակցությամբ։ Իհարկե մենք ունենք ծրագրեր, որոնք վերաբերում են բոլոր երիտասարդներին, բայց առանձնահատուկ շեշտադրում ենք մարզաբնակ երիտասարդների համար կարողությունների զարգացումը և իրացման միջավայրի ձևավորումը։ Այս տարվա բյուջեով արդեն իսկ մինչև տարեվերջ 2 կենտրոն պետք է հիմնվեն, այսինքն դրամաշնորհային մրցույթը կայացել է՝ մեկը Մեղրիում, մյուսը Իջևանում և նպատակ ունենք այդ թվերը շատացնենք պետբյուջեի միջոցով։ Երիտասարդության ոլորտում նաև ոչ պետական կառույցների կողմից են բավականին ռեսուրսներ ծախսվում և նաև միջազգային գործընկերների կողմից և մենք այդ մեսիջը տալիս ենք, որ իրենց ծրագրերն անեն մարզերում։ «Երիտասարդական մայրաքաղաք միջոցառումը» նման մի միջոցառում է, որը տարիներ շարունակ արվում է և այդ ծրագրի իմաստն այն է, որ տվյալ տարի որևէ կոնկրետ մարզային քաղաք ընտրելով որպես երիտասարդության մայրաքաղաք՝ մենք փորձենք տանք այն նախատիպը, թե ինչպիսին պետք է լինի առհասարակ երիտասարդական կյանքը մեր երկրում։ 

-Մեղրիում և Իջևանում բացվող այդ երիտասարդական կենտրոններում ի՞նչ կարող են անել երիտասարդները։


-Ինտելեկտուալ ժամանց, մշակութային ակտիվ կյանք՝ սկսած սուրճ խմելուց, զրուցելուց մինչև նկարել, պարել, երաժշտություն լսել և այլն։ Կարողությունների զարգացում՝ դա կլինի մեդիագրագիտություն, թե ֆինանսական գրագիտություն, ձեռներեցություն, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքար կամ թրաֆիքինգի դեմ պայքար և երրորդ բլոգը՝ ակտիվ քաղաքացիությունն է։ Այսինքն, որ իրենք իրենց զգան իրենց համայնքի զարգացման առաջամարտիկը, իրենց զինեն գիտելիքներով՝ ինչ է իրավունքը, պարտականությունը, ինչ է քաղաքացիությունը, ինչ է համայնք, ինչ է բյուջե, ինչ է պետական կառավարում՝ տարածքային ինքնակառավարում, երկրորդ՝ արժեքային իմաստով ինչ է նշանակում լինել քաղաքացի և երրորդ՝ հմտություններ ինչպես ինքնակազմակերպվել և գործել որպես քաղաքացի և չորրորդ՝ արդեն իրենք գնան և մի բան անեն։ Մասնավորապես, եթե սովորեցին, որ պետք է իրենք լուծեն իրենց համայնքի խնդիրները և համայնքն ունի աղբահանության խնդիր՝ իրենք գնան և այդ աղբահանության հարցով ՏԻՄ-ի հետ աշխատելով փորձեն այդ հարցը լուծել։

-Այս տարի բուհերում թափուր տեղերը 15000 են եղել։ 


-Այդ հարցը իմ գծով չի, բայց գիտեմ, որ իրավիճակն այդպիսին է։

-Խնդրի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկու՞մ եք։

-Այո, քայլեր ձեռնարկում ենք, վարչություններում տարբեր քննարկումներ կան այդ ուղղությամբ՝ ինչ պետք է անել։ Փորձում ենք չգնալ հեշտ լուծումների, այլ փորձում ենք ռազմավարական մոտեցումներ ձևավորել՝ հարցը կարգավորելու համար։

-Որոշ մարզերում բողոքում են սպորտ դպրոցների վատ վիճակից, կան մարզեր, որտեղ բնակիչները բողոքում են, որ նույնիսկ լողավազաններ չկան, այս հարցը որևէ ձևով կարգավորվու՞մ է։


-Ներկայումս մենք մշակում ենք սպորտի ռազմավարությունը, որտեղ առանձնահատուկ տեղ է տրվում մարզերում սպորտդպրոցների զարգացմանը և այդ շրջանակներում թե լողավազանների, թե մյուս ենթկառուցվածքների հարցերն անպայման տեղ են գտնելու այդ ռազմավարության մեջ։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում