Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքներին
Հասարակություն
12:43, 15 август 2022
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր՝ աջակցելու որոնողափրկարարական և քարամաքրման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերելու առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն, տրամադրելու ջուր և սնունդ՝ իրականացնելու կառավարությանն աջակցող դերը մարդասիրական ոլորտում:
 
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը՝ ժամանելով Իջևանից, համալրեց դեպքի վայրում աշխատող ՀԿԽԸ թիմի կազմը:

Օգոստոսի 15-ին ժամը 11:00-ին  նրանց շարքերը համալրեց նաև ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը: 

Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է ՀԿԽԸ 100-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝  անձակազմի 10 անդամ, արագ արձագանման թիմի կամավոր 36 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր: 

Արձագանքի 21 ժամերի ընթացքում,  Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 90 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին: 

Արագ արձագանքման ծառայությունների, ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր (ավելի քան 500 շիշ), չոր սնունդ (ավելի քան 250 անձի) և դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (1000 անձի):

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը՝ աջակցելով տոնավաճառի պայթյունի արձագանքին և այս ծանր պահին գտնվում են մեր քաղաքացիների կողքին: