Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի հետևանքով հարուցված 3 քրգործով արդեն կա մեղադրական դատավճիռ․ Դատախազություն

Պատերազմի հետևանքով հարուցված 3 քրգործով արդեն կա մեղադրական դատավճիռ․ Դատախազություն
Հասարակություն
20:15, 06 апрель 2021
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված ու իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել և քննվում է 1683 քրեական գործ։

44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցված քրգործերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Civic.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ 

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ քրգործերի մաս են կազմում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ ու հանգամանքներ։ 

Քրեական գործերի թվում են՝ Արցախում ռազմական գործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, ՀՀ փոխադրման դեպքերի, պատերազմի հետևանքով անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից, խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու դեպքերը, որոնց առթիվ քննված ընդհանուր 8 քրգործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, դատական քննությունների արդյունքում 3 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ։

Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Գեղամ Ադյան