Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահների զորակազմը դեռ չի արձագանքել Արցախի ԱԽ-ին. մամուլում շրջանառվող օգոստոսի 25 ժամկետը վերջնական չէ. Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ

Ռուս խաղաղապահների զորակազմը դեռ չի արձագանքել Արցախի ԱԽ-ին. մամուլում շրջանառվող օգոստոսի 25 ժամկետը վերջնական չէ. Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ
Հասարակություն
18:43, 19 август 2022
«Պաշտոնական գրությամբ արձագանք եղել է, թե ոչ՝ թույլ տվեք չպատասխանեմ, քանի որ միևնույն է՝ բովանդակության մասին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ կարող եմ ասել, որ մենք մշտական  շփման մեջ ենք ռուսական զորակազմի հետ և այդ շրջանակներում կքննարկենք։ Երբ պաշտոնական դիրքորոշում լինի, հայտարարություն կտարածենք»: Այս մասին civic.am-ին ասաց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս խաղաղապահ զորակազմի կողմից պաշտոնական արձագանք եղե՞լ է Արցախի ԱԽ-ի դիմումին։ 

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ Դիմումի պատճառ էր հանդիսացել այն, որ նախօրեին ադրբեջանական «Haqqin.az» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներկայացել որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող բնակիչների հետ։

Անդրադառնալով ռուս  խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությանը, թե ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ ԱԽ քարտուղարի խոսնակը նախ նկատեց, որ մամուլում շրջանառվող օգոստոսի 25 ժամկետը  չճշտված, թյուր, չգիտես որտեղից  վերցված ժամկետ է, ապա հավելեց, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումն անքննարկելի է. «Ռուս դեսպանորդի խոսքը ՌԴ պաշտոնական դիրքորոշումն է արտահայտում խաղաղապահների նոր երթուղում վերատեղակայման մասին, և դրանից ավելի տեղեկություն անհնարին է տալ։ Մի՞թե ակնհայտ չէ, որ դա նշանակում է, որ մինչև նոր երթուղին լիարժեք պատրաստ չլինի, հին երթուղին պիտի գործի ռուս խաղաղապահների պահպանության ներքո»։  

Դիտարկմանը, թե Վիտալի Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաներին անձամբ էր ուղեկցել Բերձոր, տեղի էին ունեցել բանակցություններ, որից հետո Արցախի կառավարությունը սկսեց զբաղվել Բերձորի միջանցքի Աղավնոյի, Բերձորի, Սուսի բնակչության տարհանմամբ, ի՞նչ տրամաբանությամբ են բնակիչները այժմ դուրս գալիս, խոսնակն արձագանքեց, որ լիազորված ու իրավասու չէ պատասխանել, թե ինչո՞ւ է հիմա տեղի ունենում տարհանումը։ «Ինչ վերաբերում է ճանապարհի գործարկմանը, շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, և հաշվի առնելով, որ բարդ, լեռնային տեղանք է, դժվար է ասել՝ կոնկրետ ե՞րբ պատրաստ կլինի նոր երթուղին»,- նշեց Հակոբյանը։