Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է. նա այցելել է Պռոշյանի տուն-թանգարան և Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է. նա այցելել է Պռոշյանի տուն-թանգարան և Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Հասարակություն
14:33, 22 август 2022
Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արագածոտնի մարզ։ Աշտարակում Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տիկնոջ հետ և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ 

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան հիման վրա: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գործունեությանը:

Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։

Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին է եղել։  Եկեղեցում նրան դիմավորել է հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից, եղել է կուսանաց վանք, որտեղ ամփոփված են նաև կույսերի և հոգևորականների աճյունները։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նրան տիկինը  Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։