Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկել գործարարության և կրթական ոլորտի հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկել գործարարության և կրթական ոլորտի հարցեր
Հասարակություն
20:44, 22 август 2022
Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է  Բյուրականի աստղադիտարան և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրել է աստղադիտարանի հնարավորությունները, կատարվող աշխատանքները և նոր նախաձեռնությունները։ «Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել է մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ։ 

Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև մեծությամբ երկրորդ դիտակը, որի բացմանը 1961թ-ին ներկա է եղել Նիկիտա Խրուշչովը։ Դիտակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական արժեքների շարքին, և այն վերսկսվել է գործարկումը 2010թ-ից։

Աստղադիտարանում հայտնել են, որ այս տարի արցախցի դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է ամառային գիտական ճամբար, որից հետո անցկացվել է նաև ավանդույթ դարձած բյուրականյան 8-րդ գիտաճամբարը։

Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով աստղադիտարանի տնօրինությանը հյուրընկալության, գրքեր և դիտակի մանրակերտ նվեր ստանալու համար, խոստացել է առաջիկայում կրկին այցելել աստղադիտարան։ 

Աննա Հակոբյանը համալիրում գտնվող պլանետարիումում  հանդիպել և զրուցել է  երեխաների  հետ,  դիտել տիեզերքի մասին գիտակրթական ֆիլմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինն այցելել է նաև Բյուրականի արվեստի ակադեմիա, որտեղ նրան դիմավորել է ակադեմիայի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Ի պատիվ վարչապետի տիկնոջ այցելության՝ կազմակերպվել է համերգ՝ «Նոր անուններ» ծրագրի տաղանդավոր սաների մասնակցությամբ։ 

Նշվում է, որ համերգից հետո Աննա Հակոբյանը հանդիպել է մարզի գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Չրագործությամբ, զբոսաշրջային, հյուրատնային բիզնեսով զբաղվող կանայք վարչապետի տիկնոջն են ներկայացրել իրենց բիզնես գործունեությունը և արտադրանքը:

Կրթական ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները Աննա Հակոբյանին հայտնել են, որ վերջին երկու-երեք տարիներին պետական աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ հիմնանորոգվել են դպրոցներ, ջեռուցման համակարգեր են տեղադրվել։