Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկելու է «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը Շիրակում և Գեղարքունիքում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար

Մեկնարկելու է «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը Շիրակում և Գեղարքունիքում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար
Հասարակություն
11:45, 26 август 2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։
 
Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու շահառուների ընտրության ճշգրտությունն ու սննդի քարտերի օգտագործման արդյունավետությունը:
 
Գործընկերները համատեղ կիրականացնեն պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրությունը՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի շահառուների ընտանիքներում ներառված լինեն թե՛ տեղացի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ։
 
Ծրագրի գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի, որից հետո Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները կկարողանան դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։