Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսական Սու-24 ինքնաթիռները կրում են միջուկային զենք. Լուկաշենկո

Բելառուսական Սու-24 ինքնաթիռները կրում են միջուկային զենք. Լուկաշենկո
Հասարակություն
15:50, 26 август 2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն արդեն վերազինել է իր ռազմական ինքնաթիռների մի մասը միջուկային մարտագլխիկներով։

«Մենք Պուտինի հետ ինչ-որ ժամանակ Պիտերում հայտարարել էինք, որ կվերասարքավորենք բելառուսական Սու-24 ինքնաթիռները, որպեսզի նրանք կարողանան միջուկային զենք կրել: Ի՞նչ է, դուք կարծում եք մենք մեր լեզուն շա՞ղ ենք տալիս: Ամեն ինչ պատրաստ է»,- պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Sputnik Բելառուս» գործակալությունը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է ադեկվատ պատասխան տալ Արևմուտքի սպառնալիքներին: 

Հիշեցնենք, որ հունիսին Բելառուսի առաջնորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին խնդրել էր օգնել արդիականացնելու ռազմական ինքնաթիռները, որպեսզի նրանք կարողանան կրել միջուկային մարտագլխիկներ: Նա պարզաբանել էր, որ Մինսկը մտահոգված է ՆԱՏՕ-ի ավիացիայի ուսումնական թռիչքներով, որոնք կարող են նման զենք կրել հանրապետության սահմանների մոտ։