Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վթարը երեք մարդու մահվան պատճառ է դարձել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում 2022 թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած MAN և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս 17- և 15-ամյա ուղևորները, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ուղևորները, գիտակցության չգալով, մահացել են, իսկ ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննվել են տրանսպորտային միջոցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, վերցվել են դեպքի պահին տուժողների և MAN մակնիշի ավտոմեքենայի վարորդի հագին եղած հագուստները:
 
Նախաքննությունը շարունակվում է։