Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձ է արվել ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ներմուծել բժշկական ձեռնոցներ և դիմակներ`շուկայականից մի քանի անգամ ցածր գնով. Նախաձեռնվել է քրեական վարույթ. տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք:

Մասնավորապես, օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ և դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի,մեծածավալ և արդյունավետ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ և ուղեկցվել մաքսային պահեստ: Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ, ընկերության կողմից ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված նյութերն, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որտեղ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որի որոշմամբ բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքներն ամբողջությամբ առգրավվել:

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմիցկատարված նախնական հաշվարկի  համաձայն, ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների ձեռք բերման փաստաթղթերում (ինվոյսներում) ապրանքների ձեռք բերման գները նշել իրականությանը համապատասխան` հետագա հարկային հսկողությունից և ավելի խիստ վարչարարությունից խուսափելու համար, ինչպես նաև առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով և պահպանել հարկային օրենսդրության պահանջները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։