Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեդիան պետք է մեծ ուշադրություն դարձնի գիտությանը, կրթությանը, հետո միայն քաղաքականությանը, այս պահին մեդիայում 99,9 տոկոս քաղաքական թեմաներ են. Գարիկ Իսրայելյան

Մեդիան պետք է մեծ ուշադրություն դարձնի գիտությանը, կրթությանը, հետո միայն քաղաքականությանը, այս պահին մեդիայում 99,9 տոկոս քաղաքական թեմաներ են. Գարիկ Իսրայելյան
Հասարակություն
13:58, 02 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի, հայտնի երաժիշներ՝ Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Սայմըն Ֆիլիպսի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի», Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ մամուլի ասուլիսն էր։

Գարիկ Իսրայելյանը բացման խոսքում ընդգծեց, որ STARMUS-ը գիտության և արվեստի փառատոն է. «Երաժշտությունը շատ կարևոր է STARMUS-ի համար, որովհետև մենք արվեստի ներկայացուցիչների աջակցության կարիքն ունենք` հանրայնացնելու գիտությունը։ Մեծ թվով երաժիշտներ կան, որոնք միացել են STARMUS-ին, աջակցում են «Սթարմուս»-ի գաղափարախոսությանը, և երաժիշտների թիվն ավելանում է»,- հավելեց նա ու ընդգծեց, որ «Սթարմուս»-ը երաժշտությամբ լեցուն է լինելու, իսկ բացմանը հատուկ համերգով հանդես կգա Տիգրան Համասյանը, ով առաջիկա օրերին արդեն իսկ կլինի Հայաստանում։ 

Civic.am-ը STARMUS VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանից հետաքրքրվեց, թե Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի՝ զարգացնելու գիտությունը, որպեսզի ստանա Նոբելյան մրցանակներ, օրինակ, աստղաֆիզիկայի բնագավառում։

«Պարզապես պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել կրթությանը՝ պետք է սկսել դպրոցներից։ Գիտական հաղորդակցման շատ կարիք կա, այստեղ մեդիան մեծ անելիք ունի։ Մեդիան պետք է մեծ ուշադրություն դարձնի գիտությանը, կրթությանը և մշակույթին, հետո միայն քաղաքականությանը։ Այս պահին մեդիայում 99,9999 տոկոս քաղաքական թեմաներ են, իսկ մնացած 1 տոկոսից պակասը՝ այլ բնագավառներին առնչվող նյութեր։ Իմ կարծիքով՝ խելամիտ կլինի ունենալ 50-50 տոկոս հարաբերակցություն, բայց ոչ 99 ու 1 տոկոս։ 

Մեդիան ու գիտությունը պետք է հաղորդակցվեն։ Գիտնականներից շատերը մտնում են իրենց աշխատասենյակ, գրում են մի բան և մոռանում են այդ մասին՝ հրապարակելու փոխարեն: Դա սխալ է: Կարևոր է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն դարձնի այն հարցին, թե ինչպես ակտիվացնի այս գործընթացը, ինչպես գիտությունը ներմուծի հասարակություն, օրինակ՝ հեռուստածրագրերով կամ տարբեր այլ գործիքներով կարելի է անել դա։ Եթե որևէ մեկն ունի իմ խորհրդի կարիքը, ես կարող եմ խորհուրդ տալ՝ ինչպես ակտիվացնել գիտական հաղորդակցությունը Հայաստանում։ Ես կարող եմ քարտեզ գծել՝ ինչպես սկսել, ինչպես առաջ շարժվել, բոլոր քայլերը կարող եմ ներկայացնել»,- պատասխանեց Գարիկ Իսրայելյանը։ 

Նշենք, որ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ STARMUS VI գիտությանը նվիրված փառատոնը։

Նարա Մարտիրոսյան